Պարզվում է, մենք, մի ընտրության մեջ խորասուզված, չէինք էլ «հասկանում», որ մեկ այլ ընտրություն է սկսվել։ Մինչ խորհրդարանում կտեղավորվեն քաղաքական ուժերը, իսկ «դրսում» հայտնվածներն էլ ուշքի կգան, Երևանի ավագանու հերթական ընտրություններն արդեն սկսվել են։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Այսպիսով, եթե այս ընտրությունը դիտարկենք խորհրդարանական ընտրությունների համապատկերում, կարելի է ասել, որ ՀՀԿ-ն կրկին իր հայտնի մեխանիզմներով մեծամասնություն է կազմելու մայրաքաղաքում։ Համենայն դեպս, այդ են հուշում ԿԸՀ-ի տվյալները։ Ասել է` խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով արեցին», քաղաքապետի ընտրությունն ի՞նչ է որ։ Բայց այս ամենում էական է ընդդիմության, մասնավորապես խորհրդարանից դուրս մնացած ուժերի դերակատարումը։ Հերթական ընտրությունները նրանք կծառայեցնեն իրենց մտադրություններն իրականացնելո՞ւ, հետընտրական զարգացումներին նոր երանգ հաղորդելո՞ւ համար, թե՞ կսահմանափակվեն ԿԸՀ-ի տվյալներով ու սուսուփուս կհաշտվեն իրավիճակի հետ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ